Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Եթե անցյալդ մոռացար, վերածվում ես ռոբոտի»

«Եթե անցյալդ մոռացար, վերածվում ես ռոբոտի»
14.10.2015 | 13:55

«Հնագույն ժամանակներից մեզ են հասել տարբեր երաժշտական գործիքներ՝ բոժոժ, չխկչխկան, ծնծղա, եղջերափող, սրինգ, քամանչա, քանոն, պարկապզուկ, ծիրանափող, քնար, բամբիռ, թառ և այլն, որոնք հայտնաբերվել են մեր տարածքի հնավայրերի պեղումներից: Սրանց պիտի ավելացնել նաև պատմագիրների հիշատակությունները հնագույն նվագարանների մասին: Այս ամենը վկայում է, որ դեռևս հին Հայաստանում երաժշտական գործիքների հիմնական տիպային խմբերը լայն գործածության մեջ են եղել, և նրանց հետագա զարգացումն ընթացել է մի կողմից՝ արդեն գոյություն ունեցող գործիքների կատարելագործման, մյուս կողմից՝ համալրման ուղիներով»,- ասվում է «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի «Հնագույն նվագարանների» հեղինակային ֆիլմաշարի 8-րդ ֆիլմի պրեմիերան տեղի է ունցել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Նախատեսվում է նաև հեռուստատեսային պրեմիերա:
«Հնագույն նվագարանների» հերթական ֆիլմը նվիրված է թառ նվագարանին: Մեզ հետ զրույցում Ռիտա Շառոյանը նշեց, որ ֆիլմերը և՛ փաստագրական են, և՛ գեղարվեստական: Եթերն ու բեմահարթակները գրաված մակերեսային երգերի, տեսահոլովակների դեմ պայքարելու համար Ռիտա Շառոյանը ընտրել է կինոլեզվով խոսելու տարբերակը: Հնագույն նվագարաններին նվիրված նրա ֆիլմերը արժանացել են թե հանրության, թե մասնագետների՝ երաժշտագետների, կինոգետների, վավերագրական ժանրի վարպետների բարձր գնահատականին:
Մեր տեղեկություններով` երաժշտական դպրոցներում հնագույն գործիքները նախընտրողների համար ուսուցումն անվճար է: Ռիտա Շառոյանը դա համարում է դրական և տեղին քայլ. «Լուրերով լսեցի, որ պարգևներ են տալիս երեխաներին ռոբոտաշինության համար, դրա դեմ բան չունեմ, բայց այս փոքր հողակտորի վրա ռոբոտիզացիա անելը համահարթեցում է նշանակում: Ժամանակի պահանջն է, ժամանակը հետ պտտել չեմ կարող, բայց ես սիրում եմ անցյալը` իր լավ ու վատ կողմերով: Եթե անցյալդ մոռացար, վերածվում ես ռոբոտի»:
Զրուցակիցս հավելեց, որ հնագույն նվագարաններին նվիրված ֆիլմերից երեքը ստեղծվել են մշակույթի նախարարության աջակցությամբ, հիմնական մասը, սակայն, նկարահանվել է սեփական ուժերով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ